Ապրիլի 28-30-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի դասախոս Հարություն Մինասյանը։
Խմբի անդամներն են Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս, «Ալեքս Տեքստիլ» ՓԲԸ հագուստի կոնստրուկտոր Օլյա Ավետիսյանը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի պարուսույց, «Խորեոգրաֆ» պարարվեստի ուսուցման և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Աշխեն Բոյաջյանը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում`օտար լեզվի խորացված իմացությամբ» կրթական ծրագրի ուսանող Անգելինա Տոնոյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, տնօրինական խորհրդի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների, ստորաբաժանումների ներկայացուցիչների, ամբիոնների վարիչների, դասախոսների, որակի ապահովման պատասխանատուի և մի շարք այլ ներքին և արտաքին շահակիցների հետ, իրականացվել են դասալսումներ, ռեսուրսների դիտարկում:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Երաժշտական գործիքների կատարողական արվեստ», «Պարարվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք, որ Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջն առաջին անգամ է անցնում ինստիտուցիոնալ հավատարմագրում։
Նյութի սկզբնաղբյուրի հղում