ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը:
Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։ Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները և այլն։
Ինչպես դիմել քոլեջ
Մասնագիտական ուսումնական հաստատության՝ քոլեջի դիմորդը hayt-college.emis.am համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որը ներառում է անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար) և Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), ինչպես նաև լուսանկար, կրթության վկայական։
Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության, կհրապարակվի առաջիկայում։
Միասնական մոտեցում
Մասնագիտական կրթության ոլորտում սահմանվել է նաև ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից՝ բոլոր դիմորդների հայտերը կներկայացվեն նույն համակարգում, ինչը հնարավորություն կտա դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ այլընտրանք։
Կարգով սահմանվել է նաև, որ հեռակա ուսուցման ձևն աստիճանաբար կփոխարինվի լրիվ կամ մասնակի բեռնվածության ուսումնառությամբ:
Ընդունելության ժամկետներ
Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ հուլիսի 10-ից սկսած.
Քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
Հեռակա ուսուցմամբ ընդունելությունը, համաձայն նախարարի հրամանի, կարող է կազմակերպվել գործող կարգին համապատասխան՝ մինչև լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ կրթության կազմակերպման կարգի ընդունումը։
Ավելին՝այստեղ: